Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Զարմանալի՛ ժողովուրդ ենք

Զարմանալի՛  ժողովուրդ ենք
30.04.2013 | 10:54

Կտակարարությունը մեր ժողովրդի բազմադարյա բարեգործության մշակույթի դրսևորումներից է: Հայ կտակարարները զուրկ էին պետականությունից և, այլ պետությունների օրենքներին ապավինելով, վերջին կամքով իրենց վաստակը կտակում էին ազգին: Իրենք զրկվել էին պատմական հայրենիքից, զրկվել հողից ու տնից, կոտորածների, ցեղասպանության ու բռնագաղթի ենթարկվել, բայց այլ երկրներում դառնալով հողի ու տան տեր` դրանք էին ազգին կտակում: Իրենց բնօրրանում զուրկ մարդկային տարրական իրավունքներից` այլ երկրներում դառնում էին պետական, տնտեսական, մշակութային ականավոր գործիչներ, բայց երբեք չմոռանալով ազգային պատկանելությունը, ինքնությունը:
Ազգին` եկեղեցուն, վարժարանին, հիվանդանոցին, ուսանողին, մշակույթին նվիրաբերում էր թե հայ բարեգործության գագաթ, միլիոնատեր Ալ. Մանթաշյանցը, թե նա, ում անուն-հայրանունը, ծննդյան ու մահվան տարեթվերը չեն պահպանվել, թե կիսագրագետը (Բ. Պալըքճյան), թե բարձրակիրթ ազնվականը (Լազարյաններ, Հովհ. Այվազովսկի, Գ. Եղիայան), թե կյանքը վտանգելով հարստության տիրացածը (Ե. Հակոբյան), թե հարստությունը ժառանգաբար ստացածը (Լ. Հակոբյան), տալիս էին տքնանքով ու չարչարանքով վաստակածները, տալիս էին ծնողներից և ամուսիններից ստացած, հայ կնոջ անաղարտ հավաքականության կերպարը ձևավորողները, անգամ այլազգիների հետ ամուսնացածները: Կտակարարությունը յուրատեսակ հավասարություն էր, ազգային համերաշխության, միաբանության դրսևորում: Փառասիրություն չկար, թելադրող չկար, հորդորողները քրիստոնեական հավատը, սեփական խիղճը, պատասխանատվության զգացումն էին: Շատ ու քիչ չկար, յուրաքանչյուրն անում էր իր հնարավորության չափ, և ամեն մեկի զոհողությունն այսօր հավասարապես թանկ է:
Մեռյալներին ողջերը պետք չեն, մեռյալներն են ողջերին պետք, և այս մարդիկ` իրենց կյանքն ավանդելով հայության սերունդներին, նրանց սովորեցրել և, հուսով եմ, դեռ կուսուցանեն, որ հանուն ազգի հարատևման ոչինչ խնայել պետք չէ:
Ստորև ներկայացվող հոդվածաշարով մենք այս գործոնն ենք նկատի ունեցել:
ԱԲԳԱՐՅԱՆՆԵՐ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ (1779, Նոր Ջուղա-16. 05. 1863, Կալկաթա) և ԳՐԻԳՈՐ (1795, Նոր Ջուղա-1847, Կալկաթա)
Նոր Ջուղայից սերող, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Սինգապուրում, Ֆիլիպինյան կղզիներում, Բիրմայում, Թաիլանդում լայնածավալ առևտրատնտեսական գործունեություն ծավալած գերդաստան:
Ռահվիրան եղել է Հարություն Գրիգորի Աբգարյանը, որը 1795 թ. գաղթել է Հնդկաստան` Բոմբեյ, ուր ծառայության է անցել մի հայ վաճառականի մոտ: Զբաղվել է Չինաստանի ու Ֆիլիպինյան կղզիների հետ առևտրով, ծանոթացել այդ երկրների պայմաններին և առևտրային շարժուդարձին, ապա հիմնել իր բիզնեսը: 1830-ին հաստատվել է Կալկաթայում, դարձել մեծահարուստ մարդ: Եղբոր` 1808 թ. Հնդկաստան եկած Գրիգորի հետ հիմնել է «Աբգար և ընկ.» մեծահամբավ առևտրային տունը: 1845-ի հունվարի 1-ին Գանգեսի վրա նավարկության է իջեցրել «Կուսան Ջուղայոյ» երկկայմ առագաստանավը, նոյեմբերի 3-ին` «Ռատլեր» շոգենավը: Եղբայրներն ունեին բազմաթիվ այլ նավեր, որոնք երթևեկում էին Հեռավոր Արևելքի ու Հնդկական օվկիանոսի ջրերում:
Եղբայրները 1843 թ. Նոր Ջուղայում հիմնել են «Հայկեան հայրենասիրական դպրոցը»:
Հ. Աբգարյանը Սինգապուրում, Հոնկոնգում, Ցեյլոնում և այլուր տիրել է 17 երթևեկող շոգենավի, յուրաքանչյուրը` հայկական անվանումով և առանձին դրոշով: Բացի այդ, Գանգեսի ափին ունեցել է «Էրմենիկյան» անվամբ տիրույթ, որի նավաշինարանում կառուցվել են Գանգեսով նավարկող 18 շոգենավեր: Բազմաթիվ երկրներում ունեցել է իր առևտրային ֆիրմայի մասնաճյուղերը, որտեղ աշխատել են մեծ թվով հայեր: Նրա բիզնեսը հաջողությամբ շարունակել ու զարգացրել են չորս զավակները` Աբգարը, Սեթը, Թովմասը և Ալեքսանդրը:
Ըստ Հ. Աբգարյանի կտակի, հայ եկեղեցականները և աշխարհականները, ինչպես նաև հայ վաճառականների բեռները տեղափոխվել են ձրի: Խոշոր գումարներ է կտակել ծննդավայրին, Բասրայի ու Բաղդադի հայկական եկեղեցիներին, Նարեկա վանքին, Լիմ և Կտուց անապատներին:
Սեթ Աբգարյանի և թոռներից Հարությունի կտակով թողած գումարի տարեկան շահութատոկոսը 1900 թ. կազմել է 300 թուման, որից 40 թումանը հատկացվել է Պողոսխանյան հիվանդանոցին, 260-ը` աղքատներին:


Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Հ. Գ.- Աբգարյանի` կտակով թողած գումարի տարեկան շահութատոկոսը 1916 թ. կազմել է 6000 թուման: Այդ գումարը բաժանվել է հետևյալ կերպ. Նոր Ջուղայի Աբգարյան գերդաստանի անդամներին` 1600 թուման, քահանաներին, այրի երեցկանանց ու քահանաների դուստրերին` 800 թուման, արհեստագիտական դպրոցին` 650 թուման, Սբ. Ամենափրկչյան վանքին` 130 թուման, Պողոսխանյան հիվանդանոցին` 130 թուման, Սբ. Կատարինյան որբանոցին` 1500 թուման, աղքատներին` 800 թուման:

Դիտվել է՝ 2954

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ